ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` Ռամիլ Սաֆարովի ներման մասին հայտարարությունը բավականաչափ պարզ եւ հստակ չէ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը` մեկնաբանելկով ՆԱՏՕ-ի գլխավար քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հայտարարությունը` Սաֆարովի արտահանձնման եւ ներման մասին:

Կիրակոսյանի խոսքով` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնեց իր անհանգստությունը Սաֆարովի գործի վերաբերյալ, քանի որ Ադրբեջանի այդ քայլն ազդում է տարածաշրջանի խաղաղության վրա: «Սակայն իմ կարծիով, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը բավականաչափ պարզ եւ հստակ չէ: Հուսով եմ, վաղը Բաքվում նա կոշտ գնահատական կտա Ադրբեջանի գործողություններին այդ երկրի նախագահի հետ զրույցում, քանի որ տվյալ պահին Ադրբեջանը համապատասխան գործընկեր չէ միջազգային բանակցությունների համար»,- նշեց Կիրակոսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել էր, թե Ադրբեջանի կողմից մարդասպան սպայի ներման վերաբերյալ ՆԱՏՕ-ի դիրքորոշումը վաղը կհնչեցնի Բաքվում:

«Վաղը ես մեկնում եմ Բաքու, որտեղ այս հարցի կապակցությամբ անպայման կհայտնեմ մեր դիրքորոշումը: Սպանությունը չպետք է փառաբանվի: Ես վստահ եմ, որ դա զայրույթ է առաջացրել Հայաստանում: Ես հասկանում եմ ձեզ: Դա տնտեսական եւ քաղաքական մեծ անհաջողություն կլինի այս տարածաշրջանի համար, ինչը  Հայաստանի, Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի շահերից չի բխում եւ  չպետք է խանգարի խաղաղ գործընթացին»,-հայտնել է Ռասմուսենը: