Վրաստանում կայանալիք առաջիկա խորհրդարանական ընտրությունները կդառնան ժողովրդավարության քննություն։ Այս մասին newsgeorgia.ru-ի փոխանցմամբ, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։ «Մենք հետեւում ենք Վրաստանում ընթացող իրադարձություններին եւ ժողովրդավարական բարեփոխումների առաջարկին։ Խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները լավ քննություն կդառնան Վրաստանի ժողովրդավարության համար»,- նշել է Ռասմուսենը՝ ավելացնելով, որ ընտրական գործընթացներին մասնակից քաղաքական ուժերը պատասխանատվություն են կրում։
«Հույս ունեմ, որ բոլոր քաղաքական խաղացողները իրենց դերը կխաղան այս գործընթացում՝ իրենց վրա համապատասխան պատասխանատվություն վերցնելով։ Ձեր ապագան ձեր ձեռքում է։ Դուք ի դեմս ՆԱՏՕ-ի ունեք ընկեր, եւ հույսեր, որոնք կապված են ՆԱՏՕ-ի հետ»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքով՝ Վրաստանը հաջողություններ է գրանցել, ինչը մերձեցրել է նրան ՆԱՏՕ-ին։
Հիշեցնենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները նախատեսվում են հոկտեմբերի 1-ին, իսկ 2013թ. հոկտեմբերին կայանալու են նախագահական ընտրությունները։




























