Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Դեն Բարթընին:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանրապետության ղեկավարը գոհունակությամբ է արձանագրել, որ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի տարում երկու երկրների միջեւ հարաբերությունները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակում: Հայաստանը, նախագահի հավաստմամբ, ցանկություն ունի ավանդական եւ անկեղծ բարեկամի` Միացյալ Նահանգների հետ խորացնել հարաբերությունները բոլոր ոլորտներում:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին եւ հայ ժողովրդին Միացյալ Նահանգների կողմից մշտապես ցուցաբերվող օժանդակության համար: «Մենք վերջերս վկա եղանք անկեղծ բարեկամության եւ անաչառության եւս մի օրինակի՝ երբ ԱՄՆ Նախագահը, Պետքարտուղարությունը, խորհրդարանականները արագ, միանշանակ եւ համարժեք արձագանք տվեցին Ռամիլ Սաֆարովի փոխանցման եւ ազատ արձակման դեպքի առնչությամբ: Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց եւ անձամբ Ձեզ այդպիսի դիրքորոշման համար: Մենք տեղյակ ենք Ձեր դիրքորոշմանը, որ արտահայտել եք Բաքվում, եւ կարծում եմ, որ դա շատ ճիշտ դիրքորոշում է»,-նշել է Սերժ Սարգսյանը:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանը եւ ԱՄՆ-ը ամուր գործընկերային հարաբերություններ են ծավալում թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթություններում: Երկուստեք կարեւորվել է հայ-ամերիկյան տնտեսական կապերի առավել խորացման, Հայաստանի տնտեսության մեջ ամերիկյան ներդրումների ավելացման ուղղությամբ ջանքերը:
Կոնգրեսական Դեն Բարթընի հետ հանդիպմանը նախագահը նշել է, որ բարձր է գնահատում ԱՄՆ ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում, ինչպես նաեւ այն օժանդակությունը, որն ամեն տարի տրամադրվում է Արցախի ժողովրդին:




























