Միջազգային իրավապաշտպան «Amnesty International» կազմակերպությունն անհանգստացած է Ադրբեջանի կառավարության գործողություններից` կապված Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու հետ, ինչը կարող է ընկալվել իբրեւ ազգայի հողի վրա կատարված բռնության քաջալերում: Կազմակերպությունն անհանգստանում է, որ այդ գործողությունները կհանգեցնեն հայերի եւ ադրբեջանցիների միջեւ լարվածության աճին եւ կավելացնեն ազգային հողի վրա կատարվող հետագա բռնությունները: Այն երկու կողմերի ղեկավարությանը կոչ է անում հրապարակավ դատապարտել ազգային հողի վրա կատարվող բռնությունները:
«Ադրբեջանի կառավարությունը պետք է վերացնի Սաֆարովին հատկացված արտոնությունները եւ հրապարակավ դատապարտի ազգամիջյան բռնությունը: Հայաստանի իշխանությունները եւս պետք է հստակ հասկացնեն, որ ադրբեջանցիների հանդեպ վրեժն անընդունելի է»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Սաֆարովը Հունգարիայում ցմահ ազատազրկման էր դատապարտվել հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար: 2004թ. փետրվարի 19-ին Ռամիլ Սաֆարովը ներխուժել էր Մարգարյանի սենյակ եւ սառնասրտորեն կացնի 16 հարված հասցրել քնած հայ սպային` գլուխը գրեթե անջատելով իրանից: Նա խոստովանել էր մեղքը` ասելով, որ Մարգարյանն անարգել է Ադրբեջանի դրոշը: Սակայն դատարանը այդ պնդման ապացույց չէր գտել: Սաֆարովը դատարանում ափսոսանք էր հայտնել, որ հայերին ավելի վաղ սպանելու հնարավորություն չի ունեցել:
Այն ժամանակ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Էլմիրա Սուլեյմանովան հայտարարել էր, որ Սաֆարովի դատավճիռն «անարդար է» եւ նրան Ադրբեջան արտահանձնելու հույս էր հայտնել: Ադրբեջանական մամուլը Սաֆարովի գործն այնկերպ էր լուսաբանում, ասես նա ազգային հերոս էր:
Հունգարիայի կառավարությունը ս/թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջան` հայտարարելով, թե հավաստիացումներ է ստացել, որ հանցագործը հայրենիքում կշարունակի կրել պատիժը: Բաքու ժամանելուն պես Սաֆարովին ներում էին շնորհել, կոչումը բարձրացրել եւ բանտում անցկացրած ութ տարվա դիմաց աշխատավարձ վճարել, նաեւ` բնակարան նվիրել:




























