Սեպտեմբերի 6-ին կանադացի ոստիկանը Տորոնտոյի Օնտարիո լճում մարդկային մարմնամասերով ճամպրուկ է գտել: Փորձաքննությունը ցույց է տվել, որ մարմնի մասերը պատկանել են չինուհի Լյու Հուանհուային, որի մարմնի մասերը ավելի վաղ հայտնաբերվել էին Տորոնտոյում եւ նրա մերձակայքում: Այդ մասին հայտնել է «lenta.ru»-ն` վկայակոչելով  AP-ին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը,  օգոստոսի  16-ին Տորոնտոյի այգում գտել էին կտրված ոտք եւ գլուխ` ենթադրաբար կանացի:  Միսիսոգա քաղաքի ոստիկանները որոնումների ընթացքում հայտնաբերել էին երկու ծունկ եւ  ազդր` թաքցված Ուեստ Հայլենդ Կրիկում:   Հաստատվել էր, որ մնացորդները պատկանել են  չինաստանցի 41-ամյա գործարար կնոջը: 

Լյու Հուանհուան կորել էր օգոստոսի 10-ին: Նա  բժիշկ էր եւ մասնավոր գործունեություն էր ծավալում:

Օգոստոսի 27-ին ոստիկանությունը ձերբակալել էր սպանված կնոջ նախկին ընկեր 40-ամյա Չուն Ցի Ցզյանին: Նրան մեղադրում են  կնոջ սպանոթյան մեջ: Գործի լսումները տեղի կունենան սեպտեմբերի 10-ին:

Հիշեցնենք, որ վերջին ժամանակներս կանադական հասարակությունը ցնցվում է  քրեական լուրերից: Մեկ ամիս առաջ Մոնրեալի այգիներից մեկում հայտնաբերվել էր կտրված գլուխ, որը պատկանում էր չինացի ուսանող Ցզյուն Լինյուին: Իսկ վերջինիս ձեռքերի եւ ոտքերի մասերով  ծանրոցը ստացել էին Օտավայի խորհրդարանում եւ Վանքուվերի երկու դպրոցներում: Ըստ ոստիկանության` նա սպանվել եւ անդամահատվել էր պոռնոդերասան Լուկա Մանյոտայի կողմից, որը հետագայում սպանության տեսարանը տեղադրել էր համացանցում: