Սիրիայի Արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Քայիփ Էրդողանին ` երկրի հասցեին անընդմեջ հնչեցրած  հայտարարությունների համար:

Մասնավորապես  պաշտոնական Դամասկոսի կողմից  խիստ քննադատության է արժանացել Էրդողանի այն հայտարարությունը, որով նա Սիրիայի իշխանություններին մեղադրում է ահաբեկչության մեջ, փոխանցում է ՍԱՆԱ գործակալությունը:

«Էրդողանը մեղադրում է Սիրիային ահաբեկության մեջ, միչդեռ նրա կառավարությունը բացահայտ կերպով աջակցում, պատրաստում եւ թաքցնում է ահաբեկիչներին, օգնում է նրանց ներխուժել սիրիական տարածք: Սրա բազմաթիվ ապացույցներ կան լրագրողների հաղորդագրությունների մեջ, ովքեր այցելել են Սիրիա, ապացույց են նաեւ սիրիական լրատվամիջոցներում հրապարակված հենց ահաբեկիչների խոստովանությունները եւ անգամ թուրք քաղաքական գործիչների հայտարարությունները, որոնցում նրանք մեղադրում են Էրդողանին «կրակի հետ խաղալու համար»:

Այն ժամանակ, երբ Էրդողանը միջազգային բոլոր հանդիպումների ժամանակ հայտարարում  է սիրիական տարածքում բուֆերային տարածքներ ստեղծելու անհրաժետության մասին, անհրաժեշտ է հիշել, որ ավելի վաղ Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ հաստատվել էին տնտեսական համագործակցության եւ ժողովուրդների եղբայրության օրինակելի հարաբերություններ: Երկրների միջեւ հաստատվել էր ակտիվ առեւտուր: Բայց այժմ,  Էրդողանի ագրեսիվ քաղաքականության հետեւանքով  երկու երկրների միջեւ հարաբերությունները սրվել են: Նա  մոռացության է մատնել երկու ժողովուրդների միջեւ առկա բարեկամական եւ բարի դրացիական հարաբերությունները»,-ասված է սիրիական արտգործնախարարության հայտարարության մեջ:

ԱԳՆ-ն նաեւ նշել է, որ Էրդողանի վերջին ժամանակների պահվածքը ցուցադրում են սիրիացի ժողովրդի նկատմամաբ նրա թշնամական ծրագրերի անհաջողությունը: