Lufthansa ավիաընկերությունը կրկին գործադուլ է անում: Նոր ակցիան խոստանում է ամենախոշորը լինել վերջին շրջանում. Բորտ-ուղեկցորդների 24-ժամյա գործադուլի պատճառով չեղյալ են հայտարարվել ողջ աշխարհում ընկերության պարբերական չվերթների երկու երրորդը, ավելի կոնկրետ՝ 1200 չվերթ: Նախօրեին Lufthansa-ի գլխավոր տնօրեն Քրիստոֆ Ֆրանցը խոստովանել է, որ ղեկավարությունը թերագնահատել է արհմիությունների վճռականությունը:

Ավիաընկերությունը բողոքի հերթական ակցիային պատրաստվել է, թերթերում հայտարարություններ տեղադրելով, որով ներողություն է խնդրում ուղեւորներին անհարմարություններ պատճառելու համար, հաղորդում է Associated Press-ը:

Պատկերացնելու համար սպասվող սպառնալիքի մասշտաբները, բավարար է որոշ տվյալներ բերել. նախորդ գործադուլների արդյունքում, որոնք տեղի են ունեցել օգոստոսի 31-ին Մայնի Ֆրանկֆուրտում եւ սեպտեմբերի 4-ին՝ Բեռլինում, Մյունխենում եւ Ֆրանկֆուրտում, չեղյալ էին հայտարարվել 500 ռեյսեր: Դա վերաբերել էր 90 հազար մարդու, իսկ 1,5 հազար ուղեւորներ ստիպված էին եղել գիշերն անցկացնել օդանավակայաններում:

Բորտ-ուղեկցոդների հերթական գործադուլն սկսվել է տեղի ժմանակով 00:00-ին (Երեւանի ժամանակով 02:00-ին) եւ տեղի է ունենում Lufthansa ընկերութան բազային օդանավակայաններում՝ Բեռլինի Տեգելում, Համբուրգում, Դյուսելդորֆում, Մյունխենում, Շտուտգարտում եւ Մայնի Ֆրանկֆուրտում: Թռիչքների անվտանգությունն ապահովող գերմնական ծառայության ներկայացուցիչ Ակսել Ռաաբը հայտնել է, որ գործդուլի հետեւանքները կարող են իրենց վրա զգալ նաեւ այլ ավիաընկերություններ, քանի որ առանձին օդանավակայաններում հնարավոր չէ բացառել վայրէջքի արգելքի կիրառումը, կապված այն փաստի հետ, որ օդանավների կայանատեղիները բոլորը զբաղված կլինեն:

Ինչպես հաղորդում է РБК-ն, Lufthansa-ի եւ UFO-ի միջեւ սակագնային վեճը ձգվում է արդեն մեկ տարի: Արհմիությունը, ի թիվս այլոց, պայքարում է անձնակազմի աշխատավարձի 5 տոկոսով բարձրացման համար: Ընկերության ղեկավարությունը պնդում է անձնակազմի ծախսերը տնտեսելու անհրաժեշտությունը՝ վկայակոչելով ուժեղ մրցակցությունը եւ առաջարկում է բարձրացնել աշխատավարձերն ընդամենը 3,5 տոկոսով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանը Lufthansa-ի գործադուլի ազդեցությունը չի զգա, քանի որ դեպի Երեւան իրականացվող չվերթներն իրականացնում է «Ավստրիական ավիուղիները»: