Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ ԱՄՆ-ի Պետդեպը կապվել է  Ադրբեջանի իշխանությունների հետ եւ մտահոգություն հայտնել կատարվածի առնչությամբ: Այդ մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Պատրիկ Վենթրելը:

«Պետդեպը կապվել է  Ադրբեջանի իշխանությունների հետ: Ես հաստատ չգիտեմ, թե ում հետ եւ ինչ մակարդակով է կատարվել շփումը: Այդ մասին կհայտնեմ հետո: Այս պահին կարող եմ ասել, որ մենք լուրջ մտահոգությունն ենք հայտնել այդ առթիվ, մենք կապի մեջ ենք Ադրբեջանի իշխանությունների հետ: Ավելի ուշ, երբ հստակ տեղեկություն ունենամ, կհայտնեմ»,-ասել է նա:

Հարցին, թե իրավիճակն ինչպես կանդրադառնա ղարաբաղյան հարցի կարգավորմանը, Վենթրելը նշել է, որ ԱՄՆ-ն շարունակում է աշխատել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, որպեսզի փորձի թուլացնել երկու երկրների միջեւ լարվածությունը. «Մենք դատապարտում ենք ցանկացած գործողություն, որը կարող է սրել տարածաշրջանի իրադրությունը: Այդ իսկ պատճառով  խորապես հիասթափված ենք Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու Հունգարիայի որոշումից»:

Հարցին, թե արդյոք Ադրբեջանի նախագահի մեկնաբանություններն այդ առթիվ նոր խնդիրների առաջացման հող են ստեղծում, Վենթրելը նշել է, որ Ալիեւի մեկնաբանությունները դեռ չի տեսել, բայց այս պահին խորապես անհանգստացած է տեղի ունեցող զարգացումներից:

Նշենք, որ  2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Երկու սպաներն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին:

Հունգարիայի կառավարությունը ս/թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին: