Curiosity մարսագնացը  ձեռնամուխ է եղել իր «ձեռք-մանիպուլյատորի» եւ դրան ամրացված գիտական գործիքների ստուգմանը:

«Ձեռքի» երկարությունը, որին կցված են գիտական սարքավորումները, կազմում է 2,1 մետր, այն ունի ռենտգենյան  APXS ալֆա-սպեկտրոմետր, որը նախատեսված է նյութի քիմիական բաղադրությունը պարզելու համար, MAHLI տեսախցիկ, որն ընդունակ է 14 միկրոն չափի դետալներ տարբերակել, ինչպես նաեւ այլ սարքավորումներ:

Թեստերը եւ ստուգումները կտեւեն 10 օր, գրում է «Ռոսբալտը»:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը,  Curiosity մարսագնացը օգոստոսի 6-ին հաջող վայրէջք էր կատարել Մարսի մակերեւույթին` Գեյլ խառնարանի մոտ: Այն արդեն առաջին տվյալներն ուղարկել է Երկիր: Մարսագնացի առաջադրանքն է մոլորակում ջրի հետքեր գտնելը, ինչպես նաեւ այն հարցի պատասխանը` արդյոք մոլորակում երբեւէ կյանք գոյություն ունեցել է, թե ոչ: