ԵԱՀԿ անդամ 19 երկրների մշտական ներկայացուցիչներ Հայաստանում եւ Ադրբեջանում իրավիճակի դիտարկում կանցկացնեն:

ԵԱՀԿ ներկայացուցիչներն արդեն գտնվում են Երեւանում եւ հանդիպել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Սեպտեմբերի 10-11-ին նրանք կայցելեն Բաքու: Այցելությունների շրջնակներում նրանք հանդիպումներ կունենան կառավարությունների, քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

ԵԱՀԿ ներկայացուցիչների տարածաշրջան այցի նպատակն է ծանոթանալ իրավիճակին եւ կարծիքներ փոխանակել այստեղ ընթացող գործընթացների մասին:

Նշենք, որ ԵԱՀԿ ներկայացուցիչների ավելի վաղ նախատեսված այցելությունը համընկավ տարածաշրջանի հանդեպ հետաքրքրության մեծացման հետ: Մասնավորապես, անհանգստության առիթ է դարձել վերջերս Ռամիլ Սաֆարովի էքստադիցիայից եւ ներում շնորհվելուց հետո ստեղծված իրավիճակը:

2004 թվականի փետրվարին Սաֆարովը Բուդապեշտում կացնահարել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին, որից հետո հունգարական դատարանի կողից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Երկու սպաներն էլ անգլերենի դասընթացներ էին անցնում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Այս տարվա օգոստոսի 31-ին Հունգարիան Ադրբեջանին հանձնեց Ռամիլ Սաֆարովին, ում Բաքու հասնելուն պես ներում շնորհվեց եւ նա ազատ արձակվեց:

Հունգարիայի եւ Ադրբեջանի իշխանությունների այս գործողությունները վրդովմունքի ալիք առաջացրեցին ոչ միայն հայկական կողմի, այլեւ միջազգային հանրության մոտ: