Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հուսահատության եզրին է Իրանի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշման պատճառով: Այդ մասին ամերիկյան ռադիոկայաններից մեկին հաղորդել է ԱՄՆ-ի Կոնգրեսի հանրապետական պատգամավոր եւ Հետախուզության հանձնաժողովի ղեկավար Մայք Ռոջերսը, որը ներկա է գտնվել Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանատանը կայացած հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում, ինչպես ավելի վաղ հաղորդել էր իսրայելական մամուլը, Նեթանյահուն կորցրել էր ինքնատիրապետումը եւ գրեթե ոչ դիվանագիտական արտահայտություններով քննադատել ԱՄՆ-ի քաղաքականությունը: «Նեթանյահուն հուսահատված է, եւ ներկա պահին իսրայելցիները չեն հավատում Իրանի ատոմային ծրագիրը դադարեցնելու մասին մեր մտադրությունների լրջությանը: Նրանք չեն հավատում, որ հարցն օրակարգում է», - հստակեցրել է Ռոջերսը, գրում է «Կուրսորը»:

Նա հավելել է, որ եթե ԱՄՆ-ն բավական կոշտ չլինի եւ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ  չհայտնի իր «կարմիր գծերը», Իսրայելը կարող է ինքնուրույն քայլերի որոշում կայացնել:

Իսրայելում ամերիկյան դեսպանատան խոսնակը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկատվությունը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր գործակալությունը,  Իսրայելում ԱՄՆ-ի դեսպան Դան Շապիրոյի եւ  Նեթանյահուի հանդիպման ընթացքում կառավարության ղեկավարը խստորեն քննադատել էր իրանական հարցում ԱՄՆ-ի քաղաքականությունը` հայտարարելով, որ «Օբաման Իրանի վրա ճնշում գործադրելու փոխարեն Իսրայելին է ճնշում»: