Սեպտեմբերի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրաքի փոխվարչապետ Ռաուշ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ, ողջունելով հյուրին, նախարար Նալբանդյանը վստահություն հայտնեց, որ փոխվարչապետ Շաուեյսի գլխավորած՝ Իրաքի ներկայացուցչական պատվիրակության այցելությունը կխթանի տնտեսական փոխգործակցությունը, եւ ընդգծեց, որ այցն ունի նաեւ կարեւոր քաղաքական ազդակ: Նախարարը հույս հայտնեց, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում, առավել կամրապնդեն հայ-իրաքյան դարավոր բարեկամությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Իրաքի փոխվարչապետը նշեց, որ ինքը տպավորված է այցելության արդյունքներով, որը գնահատում է որպես պատմական: Ռաուշ Նուրի Շաուեյսի խոսքերով իրաքյան պատվիրակության այցի նպատակն է համագործակցության զարգացման վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածությունների ձեռք բերումը, հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելը ու գոհունակությամբ ընդգծեց, որ Երեւանում կայացած հանդիպումները բավականին արդյունավետ էին:

Իրաքի փոխվարչապետը վերահաստատեց իր կառավարության որոշումը Երեւանում դեսպանատուն բացելու վերաբերյալ:

Զրուցակիցները քննարկեցին հայ-իրաքյան տնտեսական, էներգետիկայի, առողջապահության, գյուղատնտեսության, կրթության, գիտության, արդյունաբերության, մշակույթի բնագավառներում երկկողմ համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը կարեւորվեց նաեւ իրաքահայ համայնքի դերը երկու ժողովուրդների եւ երկրների միջեւ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում:

Իրաքի փոխվարչապետը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց իր երկրում կայունության, ներպետական համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերը:

Նախարար Նալբանդյանն ու փոխվարչապետ Շաուեյսը մտքեր փոխանակեցին Միջին Արեւելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ: