ԵԽԽՎ-ի Բյուրոյի նիստի ժամանակ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ներման վերաբերյալ հայկական պատվիրակության ելույթի արդյունքում ԵԽԽՎ-ի ղեկավարը հանձնարարել է ուսումնասիրել տվյալ գործը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:
Հարությունյանի խոսքով, այս հարցով կզբաղվեն Մարդու իրավունքների եւ իրավական հարցերով զբաղվող հանձնաժողովը, ինչպես նաեւ Եվրոպայի Խորհրդի անդամ-երկրների պարտականությունների հարցերով զբաղվող հանձնաժողովը (Մոնիտորինգային հանձնաժողով):
Նշենք, որ Բյուրոյի նիստում Հարությունյանը մասնավորապես նշել է. «Հայաստանը հույս ունի, որ այս անգամ Եվրոպայի Խորհուրդը օպերատիվ եւ համարժեք կերպով կարձագանքի այս անընդունելի արարքին, որը ոտնահարում է հարգանքը արդարության, մարդկային արժեքների նկատմամբ եւ մարտահրավեր են նետում ԵԽ-ի արժեքների եւ պարտականությունների իրական գաղափարներին: Հակառակ դեպքում դա կարող է էլ ավելի խորացնել Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների միջեւ առկա էթնիկ անհանդուրժողականությունը, քսենոֆոբիան եւ խտրականությունը: Մենք չպետք է թույլ տանք դահիճներին կարծել, որ նրանք կարող են վայելել ազգային կամ կրոնական հողի վրա կատարված սպանության անպատժելիությունը:
Մենք ցանկանում ենք ԵԽԽՎ-ին կոչ անել արձագանքել այս հարցին որքան հնարավոր է շուտ: Դա մեր իրավական եւ բարոյական պատասխանատվությունն է` ցուցադրել, որ արժեքները պետք է ոչ միայն քարոզել, այլ նաեւ հետեւողականորեն կիրառել: Հակառակ դեպքում մենք մեր անգործությամբ գիտակցված աջակցություն կցուցաբերենք ազգային կամ կրոնական հողի վրա տեղի ունեցած դաժան հանցագործությանը: ԵԽԽՎ-ի անտարբերությունը եւ լռությունը, ինչպես նաեւ ոչ միանշանակ եւ անկայուն հայտարարությունները միանշանակ ընդունելի չեն»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովը, ով 2004 թ-ին Հունգարիայում ՆԱՏՕ-ի` «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում տեղի ունեցող անգլերեն լեզվի դասընթացի ժամանակ կացնահարել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին եւ ցմահ ազատազրկման էր դատապարտվել Հունգարիայի դատարանի կողմից, 2012 թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայից արտահանձնվել է Ադրբեջան, որտեղ նրան ներում են շնորհել եւ բարձրացրել են զինվորական կոչումը:





























