Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրեքորյանը նամակ է հղել Լոս Անջելեսում Հունգարիայի հյուպատոս Լասլո Կալմանին՝ դատապարտելով նրա կառավարությանը՝ Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի համար: Այս մասին գրում է «Ասպարեզը»:
Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Ես միանում եմ Լոս Անջելեսի հայ համայնքին՝ իմ զայրույթն ու ցնցվածությունը հայտնելով Ադրբեջանի կառավարության կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու վրդովվեցուցիչ որոշման առնչությամբ, ով Հունգարիայի դատարանը մեղավոր էր ճանաչել հայ սպա Գուրգեն Մարգարյանին գազանաբար սպանելու համար: Ավելին, ես չեմ հասկանում Հունգարիայի կառավարության կողմից մարդասպանին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը, առավել եւս, որ նրա հայրենիքը երկար ժամանակ հայերի հանդեպ ատելության եւ բռնության քաղաքականություն է վարում:
Ներում շնորհելով Սաֆարովին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւս մեկ անգամ ողջ աշխարհին ցույց տվեց իր հակումն անհանդուրժողականությանը, ատելությանը եւ ինտրիգներին, այլ ոչ խաղաղությանն ու փոխըմբռնմանը: Բաքվում Սաֆարոին դիմավորելով որպես հերոսի, ինչպես նաեւ բարձրացնելով նրա զինվորական կոչումը, Ալիեւը եւ իր կառավարությունը հստակ նողկալի մեսիջ են ուղարկել երկրի բնակչությանը եւ միջազգային հանրությանը՝ Ադրբեջանում հայերի սպանությունը ոչ միայն թույլատրվում է, այլեւ խրախուսվում է եւ պարգեւատրվում:
Որպես առաջին հայ-ամերիկյան ընտրված պաշոնյա Լոս Անջելեսի պատմության մեջ, եւ որպես ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ ներգաղթյալների սերունդ, ես նողկանք եմ զգում Ադրբեջանի կառավարության գործողություններից եւ ցնցված եմ Հունգարիայի՝ այդ երկրին աջակցելու դերից: Լոս ԱՆջելեսի հայ համայնքի եւ Լոս Անջելեսի բոլոր բնակիչների անունից, ում մտահոգում է արդարությունը, ես կոչ եմ անում Հունգարիայի կառավարությանը բացատրություն տալ մարդասպանին հանձնելու իր որոշման համար»:
2004 թվականի փետրվարին Սաֆարովը Բուդապեշտում կացնահարել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին, որից հետո հունգարական դատարանի կողից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Երկու սպաներն էլ անգլերենի դասընթացներ էին անցնում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Այս տարվա օգոստոսի 31-ին Հունգարիան Ադրբեջանին հանձնեց Ռամիլ Սաֆարովին, ում Բաքու հասնելուն պես ներում շնորհվեց եւ նա ազատ արձակվեց:
Հունգարիայի եւ Ադրբեջանի իշխանությունների այս գործողությունները վրդովմունքի ալիք առաջացրեցին ոչ միայն հայկական կողմի, այլեւ միջազգային հանրության մոտ:




























