ԱՄՆ-ում Իրավաբանների հայկական կոլեգիան նամակ է հղել նախագահ Բարաք Օբամային` Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ հետագա ներման կապակցությամբ: Այս մասին հայտնել է «Ասպարեզը»:
Իրավաբանների հայկական կոլեգիայի նամակում մասնավորապես ասվում է.
«Թեեւ Ձեր` Ադրբեջանի իշխանությունների կողմից Սաֆարովին շնորհված ներման կապակցությամբ արտահայտած հիասթափությունը ողջունելի է, սակայն մենք հուսով ենք, որ Ձեր կողմից ավելին կասվի եւ կարվի, հաշվի առնելով, որ վիրավորանք է հասցվել միջազգային իրավունքին եւ հիմնարար հասկացություններին:
Մենք Ձեզ խնդրում ենք հետեւել ձեր խղճին եւ արդարամտությանը, որոնց շնորհիվ դուք արժանացել եք այս բարձրագույն պաշտոնին, ինչպես նաեւ միլիոնավոր ամերիկացիների, այդ թվում ամերիկյան հայերի աջակցությանը:
Սաֆարովին ներում շնորհելու Ալիեւի որոշումը նշանակում է հրաժարում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու եւ լարվածությունը նվազեցնելու անձամբ Ձեր եւ ԱՄՆ-ի ջանքերից:
Այս շաբաթվա ընթացքում, երբ դուք կընդունեք Դեմոկրտական կուսակցության նշանակումը եւ, ինչպես սպասվում է, ժողովրդի հետ կկիսվեք օրենքի գերակայության կարեւորությամբ, եւ աշխարհին կհիշեցնեք այն մասին , որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հանդիսանում է ազատության եւ ժողովրդավարության ջատագով, մենք խնդրում ենք Ձեզ առիթից օգտվել եւ մտորել այն մասին, թե այդ հայտարարությունները ինչպես կհամաձայնեցվեն Ադրբեջանական ռեժիմի հետ ներկայիս բարեկամական հարաբերությունների հետ:
Մենք Ձեզ կոչ ենք անում հանդես գալ որպես խիզախ առաջնորդ, ում համար արդարությունը բարձր է ամեն ինչից եվ ամենքից»:
Ադրբեջանցի զինծառայոց Ռամիլ Սաֆարովը, ով 2004 թ-ին Հունգարիայում ՆԱՏՕ-ի` «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում տեղի ունեցող անգլերեն լեզվի դասընթացի ժամանակ կացնահարել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին եւ ցմահ ազատազրկման էր դատապարտվել Հունգարիայի դատարանի կողմից, 2012 թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայից արտահանձնվել է Ադրբեջան, որտեղ նրան ներում են շնորհել եւ բարձրացրել են զինվորական կոչումը:




























