Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմակայանի հարյուրից ավելի ռուս զինվորներ ժամանել են «Մարշալ Բաղրամյան» պոլիգոն` մասնակցելու ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2012» ուսումնավարժանքներին, որոնք տեղի կունենան 2012թ. սեպտեմբերին Հանրապետության տարածքում:
Ինչպես հաղորդեցին Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, ռուս զինծառայողները տաղավորվել են բանակային ճամբարում, որտեղ, բնակելի հատվածներին զուգահեռ, գտնվում են մարզահրապարակներ, լվացարանա-ցնցուղային հատվածներ, լվացքա-լոգարանային համալիր, զուգարաններ, սննդի կետ, անգամ ամառային սրճարան:
Զինծառայողների համար կստեղծվի շարժական կինոթատրոն, նախատեսված են նաեւ հայ ստեղծագործական խմբերի ելույթներ:
Մասնակիցների համար կկազմակերպվեն նաեւ հայկական ազգային խոհանոցի օրեր. նրանք կարող են համտեսել խորոված, լուլա-քեբաբ, տոլմա, բոզբաշ, խաշ եւ այլն: Զինվորների եւ սպաների խոսքով` ընդունելությունը շատ ջերմ էր, նրանք գոհ են կենցաղային պայմաններից: Ճամբարում կտեղակայվեն ընդհանուր թվով շուրջ 2 հազար զինվորականներ:
ՀԱՊԿ ԱԱՀՈՒ ուսումնավարժանքները Հայաստանում կանցկացվեն սեպտեմբերի 15-19-ը: Հիմնական թեման կլինի պայմանական հակառակորդի հարձակման դեպքում ՀԱՊԿ անդամ երկրների միացյալ զորքերի գործողությունները եւ հակահարձակման անցնելը:





























