Հարավ-արեւմտյան Չինաստանում երկրաշարժի զոհ է դարձել 43 մարդ, եւս 150-ը վնասվածքներ են ստացել: Ավելի վաղ հաղորդվել էր 20 զոհերի մասին:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տվյալներով` ստորգետնյա տարերքից 700 մարդ է տուժել: Միայն Յունան նահանգում այս պահի դրությամբ տեղի 100 հազարից ավելի բնակիչ է տարհանվել: 20 հազարից ավելի տներ են ավերվել:

Գույչժոու նահանգում զոհեր չկան, սակայն տներ են ավերվել Վեյնին կիրճում, որն առավել մոտ է երկրաշարժի էպիկենտրոնին:

Աղետի գոտում փրկարարական աշխատանքներ են ընթանում: Այնտեղ ուղարկվել են ծածկոցներ, վրաններ եւ սննդամթերք:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Չինաստանի հարավ-արեւմտյան մասում երկրաշարժերի շարք էր տեղի ունեցել, որոնց մագնիտուդը կազմել էր 5,7: ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ցզյաոկույ բնակավայրից 8 կմ հարավ-արեւելք: Հիպոկենտրոնը գտնվել է 31 կմ խորությունում: Այդ երկրաշարժին հաջորդել էր ստորգետնյա ցնցումների շարքը: