Հոկտեմբերի 1-ին մեկնարկող ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթթացքում հայկական պատվիրակությունը մտադիր է բազմաթիվ անգամներ բարձրացնել Ռամիլ Սաֆորովին արտահանձնելու եւ ներում շնորհելու հետ կապված հարցը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Հարությունյանի խոսքով, ով ի դեպ չցանկացավ մանրամասնել ձեռնարկելիք քայլերը, ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Հայաստանի կողմից բոլոր պատվիրակները հանդես կգան ադրբեջանցի մարդասպանին արտահանձնելու եւ ներում շնորհելու հետ կապված հայտարարություններով: 

2004 թվականի փետրվարին Սաֆարովը Բուդապեշտում կացնահարել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին, որից հետո հունգարական դատարանի կողից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Երկու սպաներն էլ անգլերենի դասընթացներ էին անցնում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Այս տարվա օգոստոսի 31-ին Հունգարիան Ադրբեջանին հանձնեց Ռամիլ Սաֆարովին, ում Բաքու հասնելուն պես ներում շնորհվեց եւ նա ազատ արձակվեց:

Հունգարիայի եւ Ադրբեջանի իշխանությունների այս գործողությունները վրդովմունքի ալիք առաջացրեցին ոչ միայն հայկական կողմի, այլեւ միջազգային հանրության մոտ: