Ռուբլին գնալով ավելի լայն կիրառություն է ստանում հետխորհրդային տարածքի հաշվարկներում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում ընթացող ԱԽՏՀ-ի գագաթաժողովում ելույթի ժամանակ: ՌԴ նախագահը հնարավոր է համարում ռուբլու կիրառումն իբրեւ պահուստային արժույթ:
«Մենք հաճախ ենք լսում կանադական դոլարի, ավստրալական դոլարի, յուանի մասին, որը թափ է հավաքում: Իրոք, ռուբլին էլ կարող է հավակնել պահուստային արժույթի այդ դերին: Այն գնալով ավելի լայն կիրառություն է ստանում հետխորհրդային տարածքի հաշվարկներում: Հետխորհրդային տարածքի որոշ երկրների միջեւ գործարարությամբ զբաղվողների միջեւ ռուբլով կատարվող հաշվարկների ծավալը հասնում է 60-70%-ի: Այնպես որ, դա բնական կերպով է կատարվում: Բայց մենք ձեզ հետ հասկանում ենք, որ պետությունների վարչական ջանքերը բավարար չեն: Ֆինանսական համակարգն ամրապնդելու, ազգային արժույթը, դրա կայունությունն ամրապնդելու համար անհրաժեշտ է ամենից առաջ կշռադատված մակրոտնտեսական քաղաքականություն վարել», - ասել է նա, հաղորդում է «Մայակ» ռադիոն:
Ինչպես գրում է «Տրուդ» թերթը, Վլադիմիր Պուտինը հիշեցրել է այն մասին, որ կառավարության ջանքերով Ռուսաստանում ինֆլյացիան նվազել է, բայց նախկինի պես շատ բարձր է, իսկ երկրի արտաքին պարտքի ցուցանիշն ամենացածրերից է:




























