Պակիստանի դատարանը գրավով ազատ է արձակել 14-ամյա քրիստոնյա աղջկան՝ Ռիմշա Մասիհին, ով մեղադրվում է Ղուրանը ծաղրելու մեջ:

Ավելի վաղ Պակիստանի իշխանությունները կալանավորել էին իմամ Հալիդ Չիշտիին, ով քրիստոնյա աղջկան մեղադրել էր սրբապղծության մեջ: Կալանավորումը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ այդ գործով վկաներից մեկը դատարանում պատմել էր, որ տեսել է, թե ինչպես է իմամն ինքը Ղուրանի թերթերը լցնում աղջկա ձեռքին գտնվող այրված թղթերով լի տոպրակի մեջ, հաղորդում է ««Ռոսբալտը»:

Հենց իմամն է հայտարարել, որ 14-ամյա քրիստոնյա աղջիկն այրել է Ղուրանը: Նրա պայուսակում գտել են այրված թղթղեր եւ Ղուրանի որոշ էջեր:

Հիշեցնենք, որ դաունի ախտանիշով տառապող Մասիհը կալանավորվել է օգոստոսի 16-ին, Պակիստանի մայրաքաղաքի աղքատ թաղամասերից մեկում: Ի պաշտպանություն աղջկա, համացանցում ստորագրել է ավելի քան մեկ միլիոն մարդ ողջ աշխարհից:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Պակիստանում գործում է օրենք սրբապղծության մասին, որի արդարացիությունը բազմիցս կասկածի տակ է առնվել իրավապաշտպանների կողմից: Ըստ այդ օրենքի, նմանատիպ հանցագործությունը կարող է պատժվել ընդհուպ մինչեւ մահապատժով: Օրենքի դեմ բազմաթիվ անգամ բողոքել են նաեւ պակիստանցի քրիստոնյաները, որոնց թիվն այստեղ հասնում է 180 հազարի, ինչը բնակչության 4 տոկոսն է կազմում: