Հունգարիան ոչ միայն անկեղծ է գործել, այլեւ եվրոպական իրավական նորմերին համապատասխան, հանրային ռադիոյի հետ հարցազրույցում հայտարարել է վարչապետ Վիկտոր Օրբանը:
Օրբանի խոսքով` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վիճաբանության ներկայիս զարգացումները Հունգարիային չեն վերաբերում: «Այդ կռիվը մեր պատճառով չէ, դա մեր հակամարտությունը չէ: Դա Հունգարիային չի վերաբերում»:
Նա հավելել է, որ «հակամարտությունից դուրս գտնվելը» Հունգարիայի շահերից է բխում:
Հունգարիան կարող է հպարտանալ իր կառավարությամբ, որը գործել է եվրոպական թափանցիկ իրավական նորմերին համապատասխան, հայտարարել է Օրբանը: Եթե ինչ-որ պետություն գրավոր վստահեցնում է, որ կշարունակի բանտում պահել Հունգաիայում դատապարտված հանցագործին, ապա Հունգարիան հանգիստ հանձնում է այդ անձին:
«Եթե մենք գրավոր երաշխիքներ ենք ստանում, հայցը բավարարում ենք», - ասել է Օրբանը:
Հիշեցենք, նախորդ ուրբաթ օրը Հունգարիան ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին փոխանցել էր հայրենիքին, արդյունքում վերջինիս ներում էր շնորհվել Ադրբեջանի նախագահի հրամանագրով: Այդ կապակցությամբ Հայաստանը սառեցրել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները:
Հունգարիայի ԱԳ նախարար Զոլտ Նեմետը սեպտեմբերի 2-ին բողոքի նոտա էր հանձնել Ադրբեջանի դեսպանին, որում նշել էր, որ Ադրբեջանի քայլն անընդունելի է:



























