ՄԱԿ-ում լրջորեն անհանգստացած են Ռամիլ Սաֆարովի գործով, որը Հունգարիայում ցմահ ազատազրկման էր դատապարտվել 2004թ. Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու համար: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատար Ռուպերտ Կոլվիլի մամուլի քարտուղարի հաղորդագրության մեջ:

Հաղորդագրությունում ասվում է, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա:  «Մեր անհանգստությունը պայմանավորված է նրանով, որ վերջերս Սաֆարովը արտահանձնվել է Ադրբեջան, որտեղ երկրի նախագահը նրան ներում է շնորհել, այնինչ նա պետք է շարունակեր ցմահ բանտարկությունը  կրել հայրենիքում: Բացի այդ, Սաֆարովին հրապարակավ մեծարել են, կոչումը բարձրացրել, ինչը միջազգային խառնաշփոթ է առաջացրել:

Ազգային հողի վրա կատարված լուրջ հանցագործություններին վերաբերող միջազգային նորմերը պետք է պահպանվեն ամբողջ աշխարհում: Նման հանցագործությունները չպետք է մեծարվեն երկրների ղեկավարների, քաղաքական գործիչների կողմից, այլ պետք է հրապարակավ պատժվեն:

Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարծիքը, որոնք ավելի վաղ վրդովմունք էին հայտնել մարդասպանին ներում շնորհելու առթիվ եւ նշել էին, որ դա լուրջ վնաս հասցրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացին»,- ասվում է հայտարարությունում:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, 2004թ. փետրվարի 19-ին Հայաստանի ԶՈՒ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, ով Բուդապեշտ էր ուղարկվել  ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին մասնակցելու, գիշերը քնած ժամանակ կացնահարվել էր ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից: 2006թ. ապրիլի 13-ին Սաֆարովը  հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի:

Հունգարիայի կառավարությունը ս/թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին եւ ընդունել իբրեւ հերոսի: Նույն օրը Հայաստանն իբրեւ բողոք կասեցրել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները:

Մարդասպանին ներում շնորհելու փաստը դատապարտել են միջազգային գրեթե բոլոր կառույցները: