Այսօր` սեպտեմբերի 7-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն  ընդունեց  Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինիին  եւ իտալական «Ֆինեստ» ֆինանսական հաստատության նախագահ Ռենատո Պույատիին, որոնց  ուղեկցում էին Հայաստանում ֆերմերային տնտեսությունների, ոռոգման, գյուղմթերքների արդյունաբերության ոլորտներում ներդրումներ կատարելու հեռանկարով հետաքրքրվող իտալացի մի շարք գործարարներ:

ԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ, ողջունելով հյուրերին, Սերգո Կարապետյանն անդրադարձավ այն ոլորտներին, ուր առկա են գործակցության հնարավորությունները: «Շատ ուրախ եմ, որ իտալացի գործարարներին հետաքրքրում է  Հայաստանի գյուղատնտեսության բնագավառում համագործակցելու հեռանկարը: Պատրաստ ենք , ըստ ամենայնի, աջակցել իտալական ներդրումային ծրագրերի իրականացմանը մեզանում, մանավանդ, որ Հայաստանը ներդրումների համար գրավիչ եւ դեռեւս ազատ  դաշտ ունի»,- նշեց նախարարը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Սկապինին  նշեց, որ իր երկիրն ունենալով զարգացած գյուղատնտեսություն, առավել ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Եվրոպայում գյուղատնտեսության միասնական քաղաքականության մշակման եւ իրականացման գործում:

«Նախկինում  ձեռք բերված պայմանավորվածություններն  ավելի գործնական հուն բերելու նպատակով,  այսօր ձեզ հետ հանդիպման ենք հրավիրել «Ֆինեստ» իտալական ֆինանսական հաստատության նախագահ Ռենատո Պույատիին եւ կոնկրետ գործունեության երեք գործարարների, որոնք ներկայացնում են ոռոգման, ջերմոցային համակարգերի եւ դեղագործության ոլորտները»:

Այնուհետեւ պատվիրակության ներկայացուցիչները հակիրճ ներկայացրեցին իրենց գործունեությունն ու ներդրումային հնավորությունները:

Հանդիպման ավարտին նախարար Սերգո Կարապետյանը իտալական կողմին առաջարկեց համակողմանի ուսումնասիրման համար ներկայացնել համագործակցության իրենց առաջարկներն ու հիմնավորումները, որին ի պատասխան` հյուրերը խոստացան, հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել պահանջված տեղեկատվությունը: