Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո առաջին անգամ հանդես է եկել հանրային հայտարարությամբ այս հարցի վերաբերյալ: Բաքվում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նա հայտնել է, որ Սաֆարովը ազատ է արձակվել օրենքին համապատասխան:
Ալիեւը նշել է, որ Ռ. Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջան համապատասխանում է Եվրոպական կոնվենցիային, իսկ նրա ներումը` Ադրբեջանի օրենքն է: «Նա ով ասում է, որ այս դեպքում օրենք է խախտվել, ծանոթ չէ իրականությանը: Հայաստանը բանակցային գործընթացքում ցանկանում է պահպանել ստատուս-քվոն, ինչի համար օգտագործում է այս հարցը»,- ասել է նա, հաղորդում է 1news.az-ը:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ 2004 թ-ի փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանը, ով Բուդապեշտ էր մեկնել ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում անցկացվելիք անգլերենի լեզվի դասընթացներին մասնակցելու նպատակով, քնած ժամանակ կացնով սպանվել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից: 2006 թ-ի ապրիլի 13-ին Սաֆարովը Հունգարիայում ցմահ ազատազրկման էր դատապարտվել` առաջին 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի:
2012 թ-ի օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունագրիայի կողմից արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ ներման է արժանացել եւ ընդունվել է որպես հերոս: Նույն օրը Հայաստանը, որպես բողոքի նշան, կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Մարդասպանի ներման լուրը դատապարտվել է գրեթե ողջ միջազգային կառույցների կողմից:
ՆԱՏՕ-ի գլխավոր քատուղարը նախօրեին Երեւանում գտնվելու ժամանակ խոստացել է այս հարցը բարձրացնել Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ: Երեւանում եւ Բաքվում գտնվելու ժամանակ նա իր խորին մտահոգությունն է հայտնել մարդասպանի ներման կապակցությամբ եւ հայտնել է, որ հանցագործության փառաբանումը «հարցականի տակ է դնում վստահությունը եւ չի աջակցում խաղաղ գործընթացին»:





























