Չեխիայի Հանրապետությունը Սաֆարովի արտահանձնման հարցում Հայաստանի կողմն է: Այդ մասին հայտարարել է առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգը:

Չեխիայի Պառլամենտի ներկայացուցիչների պալատի 45-րդ նիստում սեպտեմբերի 6-ին Չեխիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Ռոբերտ Բոհնիշը հարց է ուղել Կարել Շվարցենբերգին, որում անդրադարձել է Ռամիլ Սաֆարովի փոխանցման եւ ներման դեպքին եւ նշել, որ «Հունգարիայի աննախադեպ խայտառակ  որոշմամբ եւ հատկապես՝  ադրբեջանական կողմի անբարիշտ գործողությունների արդյունքում» կասկածի տակ է դրվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, եւ այս կապակցությամբ հարցրել, թե որն է Չեխիայի կոնկրետ դիրքորոշումը:

Առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգը, պատասխանելով պատգամավորի հարցին, իր միանշանակ աջակցությունն է հայտնել Հայաստանին, ասելով «Չեխիայի Հանրապետությունն տվյալ հարցում Հայաստանի կողմն է: Մեր դիրքորոշման եւ զորակցության մասին արդեն տեղեկացրել ենք Հայաստանի  դեսպանին»:

Շվարցենբերգը, գնահատական տալով Սաֆարովի արարքին, ընդգծել է. «Սաֆարովը դատապարտված մարդասպան է, սպանությունը մնում է սպանություն, եւ այն, ինչ տեղի ունեցավ, ծաղրանք է զոհվածի հարազատների, արդարության եւ իրավունքի գերակայության սկզբունքների հանդեպ»: Անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարության գործողություններին, առաջին փոխվարչապետը նշել է. «Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանի կառավարության քայլերով, որի մասին տեղեկացրել ենք նաեւ իրենց՝ Պրահայի դեսպանության միջոցով: Չեմ կարծում, որ սա միայն Հունգարիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարությունների հարցն է: Ողջ միջազգային հանրությունը խորապես մտահոգված է հատկապես Ադրբեջանի գործողություններով: Ադրբեջանի հեղինակությունը եւ իմիջը խիստ վնասված են»: Շվարցենբերգը նաեւ հավելել է, որ Ադրբեջանի գործողությունները «վնասում են ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ վստահությունն ամրապնդելու միջազգային հանրության ջանքերին, թուլացնում խաղաղ բանակցությունների գործընթացը եւ, ի վերջո՝ վնասում Ադրբեջանին»:

Չեխ պաշտոնյան շեշտել է իրավիճակի հետագա սրացումը կանխելու կարեւորությունը եւ դրական գնահատել Հայաստանի կառուցողական դիրքորոշումը՝ բանակցությունները շարունակելու առումով, ինչպես նաեւ ասել, որ հարցին անդրադառնալու են ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները՝ Նիկոսիայում կայանալիք ոչ-պաշտոնական հանդիպման շրջանակներում: