Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր` սեպտեմբերի 7-ին երդում է տվել` ստանձնելով Արցախի նախագահի պաշտոնը:

Երդումից հետո ունեցած ելույթում Սահակյանն ասել է.

«Ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը` ես քաջ գիտակցում եմ, թե ինչ հսկայական պատասխանատվություն եմ վերցնում, պատասխանատվություն` հայրենի երկրի, հարազատ ժողովրդի ճակատագրի հանդեպ: Ես պատրաստ եմ ու հաստատակամ` կյանքի կոչելու իմ նախընտրական ծրագրի հիմնադրույթները, Արցախը առաջ տանելու կայուն եւ համակողմանի զարգացման ճանապարհով: Կշարունակեմ ծառայել մեր հայրենիքի հետագա զորացման ու բարգավաճման գործին, անել հնարավորը, որպեսզի մեր քաղաքացիների կյանքը լինի ավելի բարեկեցիկ ու ապահով:

Հինգ տարի առաջ` սեպտեմբերի 7-ին, առաջին անգամ ստանձնեցի Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը եւ ձեզ հետ միասին ձեռնամուխ եղա երկրի առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծմանը: Մեր ողջ ժողովրդի համատեղ ջանքերով, բոլոր քաղաքական ուժերի ներգրավմամբ, Հայաստանի եւ Սփյուռքի մշտական աջակցությամբ մեզ հաջողվեց լուծել բազում խնդիրներ, իրականացնել տարբեր ծրագրեր` ուղղված Արցախի պաշտպանունակության ամրապնդմանը, տնտեսության համաչափ զարգացմանը, բնակչության կենսապայմանների բարելավմանը»:

Սահակյանի խոսքով, վերջին հինգ տարիներին կատարվել է զգալի աշխատանք, ձեռքբերումները շոշափելի են եւ ակնառու: «Ուզում եմ հատուկ ընդգծել, որ  այս ամենում մեծ է մեր բոլոր քաղաքացիների, ձեզնից յուրաքանչյուրի ներդրումն ու անձնական ավանդը:

Ես շահագրգռված եմ իմ հետագա աշխատանքում հաշվի առնել բոլոր կարծիքներն ու տեսակետները, ուսումնասիրել ու քննարկել ներկայացված առաջարկությունները: Կոչ եմ անում շարունակել սկսածը, շարունակել նոր ոգով ու եռանդով, հույսով ու հավատով, համոզված, որ մեր հաջողությունը մեր ձեռքերում է, եւ որ անպայման կհասնենք ցանկալի արդյունքի»,- ասել է Սահակյանը:

Նա նշել է, թե «մեր ժողովուրդը մեկ անգամ չէ ապացուցել, որ կարող է նվաճել անհասանելի թվացող բարձունքներ` իր անկոտրում կամքի ու անսասան ոգու, խոր իմաստնության ու բազկի ուժի, միասնականության ու համախմբվածության շնորհիվ: Դրա վկայությունը մեր այսօրվա վերածնված Արցախն է: Փորձությունների միջով անցած ու անդառնալի կորուստներ կրած եւ այժմ հաղթական կեցվածքով իր պապերի հողը շենացնող, հայրենի օջախը վառ պահող արցախցին պետք է ապրի արժանավայել կյանքով: Հանուն այդ նպատակի են իրենց կյանքը զոհաբերել հայ ժողովրդի լավագույն զավակները: Հանուն այդ նպատակի ենք մենք այսօր պայքարում, մշակում եւ իրականացնում կենսական կարեւոր նշանակություն ունեցող ծրագրեր:

Մենք պարտավոր ենք կառուցել ժողովրդավարական պետություն, որի հիմքում կլինեն մարդը, նրա իրավունքներն ու ազատությունները, օրինական շահերն ու համազգային ձգտումները, փոխադարձ հարգանքն ու սրտացավ վերաբերմունքը միմյանց նկատմամբ»:

«Մեր ազգի հարստությունը` դա ամենից առաջ նրա մտավոր ներուժն է, հասուն ու գործունյա մարդիկ, կիրթ ու բազմակողմանի զարգացած երիտասարդները: Եվ մենք պարտավոր ենք զարգացնել տնտեսությունը, ստեղծել անհրաժեշտ ու հավասար պայմաններ, որպեսզի մեր երկրում յուրաքանչյուր անհատ կարողանա լիարժեք դրսեւորել իր ունակություններն ու կարողությունները:

Պարտավոր ենք հոգ տանել զոհված ազատամարտիկների ընտանիքների, արցախյան պատերազմի հաշմանդամների, մեր բնակչության սոցիալապես անապահով խավերի մասին:

Պարտավոր ենք ամրապնդել Արցախի Հանրապետության ազատությունն ու անկախությունը, օրեցօր հզորացնել նրա անվտանգության հիմնական երաշխավորը հանդիսացող պաշտպանության բանակը: Հայոց բանակը մեր պարծանքն ու հպարտությունն է, մեր հաղթական ոգու լավագույն վկայությունը: Մենք ասել ենք եւ կրկնում ենք, որ կտրականապես դեմ ենք պատերազմին, որ հակամարտության լուծումը տեսնում ենք միայն խաղաղ կարգավորման ճանապարհով, քաղաքակիրթ երկխոսության միջոցով` Արցախի Հանրապետության` որպես բանակցությունների լիիրավ կողմի մասնակցությամբ: Միաժամանակ, մեկ անգամ եւս հայտարարում ենք, որ մեր անկախությունն ու ազատությունը բացառիկ արժեքներ են, եւ նրանց սպառնացող ցանկացած ոտնձգություն կստանա  համարժեք պատասխան»,- ասել է նա:

Բակո Սահակյանի խոսքով, մենք պարտավոր ենք ունենալ հզոր ու զարգացող հայրենիք, որը յուրաքանչյուր հայի հպարտությունն է, երկիր, որտեղ ապրելն ու արարելը պատիվ է յուրաքանչյուր քաղաքացու համար: «Ես ավելի քան վստահ եմ, որ մենք կկարողանանք իրականացնել համազգային նպատակներն ու ձգտումները, կկարողանանք, քանի որ արդեն երկու տասնամյակ է, ինչ համախմբված ու արժանապատվորեն կառուցում ենք մեր հարազատ Արցախը: Եվ կշարունակենք կառուցել, կառուցել միասին` հանուն մեր ժողովրդի եւ նրա հուսալի ապագայի»,- ամփոփել է Արցախի նախագահը: