Թուրքիան մտադիր է Ռուսաստանից պահանջելու Տրոյայի պեղումների արդյունքում հայտնաբերված «Պրիամոսի արքայի գանձերը»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի մշակույթի նախարար Էրթոգրուլ Գյունայը ԱՄՆ վերադարձրած տրոյական 24 ոսկյա զարդերի շնորհանդեսի ժամանակ։ Ինչպես տեղեկացնում է InoPressa-ն Der Standard թերթին հղումով, «Պրիամոս արքայի գանձերը» բաղկացած են մի քանի հազար ոսկյա զարդերից, որը 1873թ. հայտնաբերել է գերմանացի հայտնի հնագետ Հենրիխ Շլիմանը՝ ներկայիս Թուրքիայի հյուսիսարեւմտյան շրջանում։ Շլիմանը գանձերը տեղափոխել է Բեռլին, որը Բեռլինը գրավելուց հետո տեղափոխել են Մոսկվա։

Գերմանիան նույնպես Ռուսաստանից պահանջում է վերադարձնել գանձերը։

Նշենք, որ 1863թ. հաջողակ գործարար եւ Հոմերոսի ստեղծագործությունների սիրահար Հենրիխ Շլիմանը անձնական միջոցներով արշավախումբ է ստեղծում եւ մեկնում Օսմանյան կայսրություն՝ առասպելական Տրոյան գտնելու։ Շլիմանի բացահայտումը ցնցում է ողջ գիտական աշխարհը, քանի որ 19-րդ դարում բոլորը հավատացած էին, որ Իլաիականն ու Ոդիսականը պարզապես առասպելներ են։

Հետագայում հնագետները պարզել են, որ Տրոյայի «Պրիամոս արքայի գանձերը» իրականում մոտ հազար տարով ավելի հին են, քան Հոմերոսի նկարագրած տրոյական իրադարձություններից։