«Արմավիան» սեպտեմբերի 10-ից վերսկսում է չվերթները  Հալեպ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան: Նրա խոսքով` չվերթները վերսկսելու պատճառը այն է, որ չկա ահաբեկչություն եւ ժողովուրդը պահանջում է, որ  ուզում է տուն գնալ: «Եթե իրենք ուզում են, մենք ուղղակի պետք է  իրենց տեղափոխենք, մենք մտածում ենք իրենց անվտանգության մասին, բայց եթե իրենք պահանջում են, որ ուզում են գնան, ինչ ասենք: Վտանգը միշտ էլ կա, եթե երկու օր առաջ «Սիրիականը» թռել է եւ Փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է, մենք մեր ռիսկի պահով տանում ենք»,- ասաց նա:

Սեպտեմբերի 9-ին նախատեսված է Հայաստանում հանգստացող սիրիացի երեխաների թռիչքը, իսկ սեպտեմբերի 10-ից կվերականգնվի պարբերական չվերթները Հալեպ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  Հալեպ-Երեւան թռիչքը իրականացնելու համար սեպտեմբերի 4-ին մեկ ժամ ուշացումով՝ Երեւանի ժամանակով ժամը 17.41–ին «Սիրիական ավիաուղիների» ինքնաթիռը վայրէջք է կատարել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում:

Հիշեցնենք, որ «Արմավիա» ավիաընկերությունը սեպտեմբերի 3-ից ժամանակավորապես դադարեցրել է իրականացվող չվերթները դեպի Հալեպ` պատճառաբանելով, որ Սիրիական ազատ բանակի կողմից սպառնալիքներ են հնչել: