Ռուսաստանն աջակցում է ներքին ընդդիմության՝ Սիրիայի ազգային կոմիտեի  գաղափարը Դամասկոսում ընդդիմադիր ուժերի կոնֆերանսներ գումարելու վերաբերյալ։  Այդ մասին Վլադիվոստոկում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանը պնդում է մինչեւ 2012թ. վերջը Մերձավոր Արեւելքի հարցով կոնֆերանս գումարելու անհրաժեշտության մասին։

«Մինչեւ ընթացիկ տարվա վերջը հարկ է կոնֆերանս գումարել եւ առարկայական զրույց սկսել Մերձավոր Արեւելքում զանգվածային ոչնչացման զենքից ազատ գոտի ստեղծելու մասին», - ասել է Լավրովը։

Միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագրի մասնակիցների 1995թ. բանաձեւը կոչ է անում Մերձավոր Արեւելքում ստեղծել արդյունավետորեն վերահսկվող գոտի, որն ազատ է միջուկային եւ զանգվածային ոչնչացման այլ զենքերից, ինչպես նաեւ դրանց առաքման համակարգերից։