Ռուսաստանի Օրենբուրգի մարզում սպանված Արմեն Սարգսյանի գործը փոխանցվել է դատարան: Դատարանի առաջ կկանգնեն Ներքին գործերի քաղաքային վարչության հինգ ոստիկան, ովքեր մեղադրվում են ծառայողական իշխանության չարաշահման եւ դաժան սպանության մեջ:
Հետաքննության վարկածով, 2011 թ-ի սեպտմեբրի 18-ի երեկոյան մեղադրյալներից երկուսը Արմեն Սարգսյանից ցուցմունք կորզելու նպատակով ֆիզիկական բռնություն են գործադրել (Սարգսյանը կասկածվել է մի շարք հանցագործությունների կատարման մեջ): Մեղադրյալները ծեծել են կասկածյալին, նրան կապկպել են պարաններով, էլեկտրահարել են եւ խեղդել հակագազով: Արդյունքում Սարգսյանը մահացել է վրա հասած մեխանիկական շնչահեղձությունից:
Մեղադրյալներից երեքը վերոնշյալ հանցագործության ականատեսն են եղել, սակայն ոչինչ չեն ձեռնարկել հակաիրավական գործողություններին վերջ տալու եւ կասկածյալին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, սկզբնական շրջանում ոստիկանները ցանկացել են չոր դուրս գալ այս պատմությունից: Օրենբուրգյան շրջանի վարչությունից վստահեցնում էին, որ նրանց աշխատակիցները մեղավոր չէն, իբր հարցաքննության ժամանակ Արմեն Սարգսյանը վատ է զգացել իրեն, ընկել է գետնին, իսկ ոստիկանները «Շտապ օգնություն» են կանչել նրա համար: ՆԳՆ-ի վարկածով, մահը վրա է հասել սրտի սուր անբավարարությունից:
Սակայն մահացածի ծնողները դիահերձարանում Արմենի մարմնի վրա բազմաթիվ վնասվածքներ են նկատել:
Մեղադրյալներից երկուսը մասնակիորեն ընդունել են մեղքը, երեքը` ոչ:





























