Կանադա-հայկական երիտասարդական կազմակերպությունները սեպտեմբերի 7-ին հավաքվել են Օտտավայում, որպեսզի բողոքի ցույց անցկացնեն Հունգարիայի եւ Ադրբեջանի դեսպանատների մոտ՝ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման, ներում շնորհելու եւ կոչումը բարձրացնելու կապակցությամբ։
Ցույցն սկսվել է հունգարական դեսպանատան մոտ, որից հետո ցուցարարները հավաքվել են Ադրբեջանի դեսպանատան առջեւ, որտեղ շարունակել են բողոքը։ Այդ մասին հաղորդում է Կանադայի Հայկական երիտասարդական ֆեդերացիան։
Կանադական տարբեր երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները դեմ են արտահայտվել վտանգավոր նախադեպին, որը ստեղծել են Հունգարիան եւ Ադրբեջանը՝ հանձնելով եւ ներում շնորհելով դատապարտված մարդասպանին։ Ցուցարարները նաեւ դատապարտել են Ադրբեջանում Սաֆարովին իբրեւ հերոսի վերաբերվելը եւ պահանջել, որ Ադրբեջանը վերջ դնի իր ռասիստական, հակահայկական եւ ռազմատենչ հռետորաբանությանը։ Հունգարիայի դեսպանատան մոտ Կանադայի Հայկական երիտասարդական ֆեդերացիայի կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ Տարոն Քեսքինյանը շարադրել է մասնակիցների պահանջները. «Մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում միանալ մեզ՝ Հունգարիայի կառավարությունից ներողություն պահանջելով եւ արտահանձնման մասին անբարոյական որոշումը չեղյալ համարելու խնդրանքով»,– ասել է Քեսքինյանը։ «Արմեն Կարո» ուսանողական միության անդամ Ալեք Օհանյանը կարդացել է Կանադայում Հունգարիայի դեսպան Լասլո Պորդանյուին հասցեագրված նամակը, որը հետո փոխանցվել է դեսպանատանը։
Ադրբեջանի դեսպանատան առջեւ Գառնիկ Հասերջյանը, որը եւս Կանադայի Հայկական երիտասարդական ֆեդերացիայի կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ է, խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա Ռամիլ Սաֆարովի ներման հետեւանքների մասին։
«Սաֆարովի ներումը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը բանակցությունները բարի կամքի ոգով չի վարում եւ որ այն ձգտում է բռնության եւ ատելության»,– ասել է նա։
Հիշեցնենք, 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Երկու սպաներն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին:
Հունգարիայի կառավարությունը ս/թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին:





























