Ուտոյա կղզու երիտասարդական ճամբարը կվերսկսի իր աշխատանքը:  Նման որոշում է կայացրել Նորվեգիայի  Աշխատանքի կուսակցությունը: Հիշեցնենք, որ հենց այդ ճամբարում էր 2011թ. հուլիսին Անդերս Բրեյվիկն ահաբեկչություն իրականացրել` սպանելով 69 մարդու:

Կուսակցության ղեկավար Էսքիլ Պեդերսենի կարծիքով` նման քայլը զոհերի հիշատակը հարգելու լավագույն միջոցն է: Ամառային ճամբարի կառուցման համար նախատեսվում է  մոտ 10 մլն դոլար ծախսել, որոնք  նվիրատվություններից գոյացած միջոցներ են: Կղզու հարավ-արեւմտյան հատվածում նախատեսվում է հուշարձան կանգնեցնել`ի հիշատակ ահաբեկչության զոհերի:

«Մենք շնորհակալ ենք ներդրումների եւ նվիրատվությունների համար, ինչը հնարավորություն է տալու վերականգնել Ուտոյայի ճամբարը որպես մի վայր, որտեղ երիտասարդները կարող են նախկինի պես հանդիպել քաղաքական քննարկումների համար»,-ասել է կուսակցության ղեկավարը: