Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը  Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին սեպտեմբերի 8-ին Շուշի քաղաքում մասնակցել է Խաչատուր Աբովյանի անվան ԼՂՀ կառավարության եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաֆինանսավորմամբ կապիտալ վերանորոգված հիմնական դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ նախագահ Սահակյանը կրթությունը համարել է մեր պետության ռազմավարական կարեւորություն ունեցող ճյուղերից մեկը, որը մշտապես գտնվում է իշխանությունների հատուկ ուշադրության կենտրոնում՝ հավելելով, որ նման կրթական հաստատության առկայությունը Շուշիում մեծապես կնպաստի նաեւ քաղաքի կայուն զարգացման գործընթացին:

Այնուհետեւ երկու հայկական հանրապետությունների ղեկավարներն այցելել են Շուշիի մի շարք շինարարական օբյեկտներ եւ տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին:

Միջոցառումներին ներկա էին վարչապետ Արա Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք: