Հայաստանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ վերջին իրադարձությունն ստիպում է լրջորեն մտածել որոշ մոտեցումների փոփոխության վերաբերյալ, ենթադրում է մադրիդյան սկզբունքների արդիականացում, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի մասին ավելի հստակ ձեւակերպումներ լինեն։
Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրենի տեղակալ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ նշելով, որ դա միանգամայն բնական գործընթաց է, որի պատճառը Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն ու ներումն է։
Քաղաքագետի խոսքով՝ այդ միջադեպը ավելի կամրապնդի ստատուս քվոն։
Մինասյանը նաեւ տեսակետ է հայտնել, որ եթե Ադրբեջանի իշխանությունները գոնե աղոտ պատկերացում ունենային այն մասին, թե ինչպես կարձագանքի միջազգային հանրությունը, ապա Սաֆարովի արտահանձնումն ու ներումն այդքան լկտիաբար չէին կատարի։
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Ադրբեջանի վերջին գործողություններին, Հայաստանի նախագահն ասել էր. «Վերջերս տեղի ունեցավ մի իրադարձություն, որ ստիպում է մեզ լրջորեն մտածել մեր որոշ մոտեցումների փոփոխության մասին: Ինչպես գիտեք, Ադրբեջանում անհապաղ արդարացվեց վայրենի հանցագործություն կատարած մի անձնավորություն, եւ այս իրադարձությունը, իհարկե, ցավոք սրտի, մեր կարծիքով, վերջինը չէ: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ 2007թ. Մինսկի խումբն առաջարկեց ԼՂ խնդրի կարգավորման իր տարբերակը: Շատերը հիշում են, թե ինչպես էր Ադրբեջանը հրաժարվում այդ փաստաթղթից, այնուհետեւ՝ դեկլարատիվ հայտարարություն արեց, որ այդ փաստաթուղթն ընդհանուր առմամբ իր համար ընդունելի է, այնուհետեւ սկսեց սեփական մեկնաբանությունները տալ սկզբունքներին: Հիշում եք, թե ինչպես էին նրանք փորձում մեկնաբանել ինքնորոշման իրավունքը: Հիշում եք, թե ինչպես էին նրանք փորձում մեկնաբանել «ռեֆերենդում» հասկացողությունը: Եվ սկսվեց մի ներկայացում, որի ողջ իմաստը կայանում էր հետեւյալում՝ ձգել ժամանակ, կուտակել սպառազինությունների մեծ պաշար եւ հարմար պարագաներում ռազմական ճանապարհով փորձել լուծել ԼՂ խնդիրը:
Մեր կարծիքով, մարդասպանին արդարացնելու նպատակը կայանում է ոչ թե նրանում, որ Ալիեւին անհրաժեշտ է հեղինակություն բարձրացնել իր երկրի ներսում, այլ սա մի փորձ է փորձարկելու միջազգային հանրության արձագանքները Ադրբեջանի արտառոց քայլերին»։
2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Երկու սպաներն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին:
Հունգարիայի կառավարությունը ս/թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին:
Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի





























