Ֆրանսիայի ամենահարուստ մարդը որոշել է փոխել իր քաղաքացիությունը: LVMH ընկերության 63-ամյա ղեկավար Բեռնար Առնոն դիմել է Բելգիայի իշխանություններին` քաղաքացիություն ստանալու համար:
La Libre Belgique թերթի տվյալներով, Հպատակեցման ծառայության խորհրդի ղեկավար Ժորժ Դալլեմանը հայտնել է, որ միլիարդերի դիմումը կքննվի մյուս դիմումների հետ միասին` ըստ հերթականության. ներկայումս բելգիական քաղաքացիություն ստանալու համար կա մոտ 47 հազար մարոդու դիմում:
Ինչպես գրում է «Լենտա.ru»-ն, մամուլը Առնոյի որոշումը կապում է Փարիզի այն որոշման հետ, ըստ որի տարեկան մեկ միլիոն եվրոյից ավելի եկամուտ ունեցողները պետք է 75 տոկոս հարկ վճարեն. դա եղել է նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումներից մեկը: Սեպտեմբերի 7-ին ֆինանսների նախարար Պիեռ Մոսկովիչը հաստատել է, որ խոստումը կիրականացվի ամբողջ ծավալով. հարկը կմուտքագրվի բյուջե-2013-ի մեջ, որի նախագծման աշխատանքները կառավարությունը կավարտի ընթացիկ ամսում:
Առնոն մշտապես բնակվում է Փարիզում, սակայն տուն ունի նաեւ Բրյուսելում: Forbes ամսագիրը նրա ունեցվածքը գնահատում է 41միլիարդ եվրո: Բիզնեսմենը եղել է պետության նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի համակիրը: Առնոն առաջին անգամը չէ, որ փախուստի է դիմում սոցիալիստ-նախագահի ընտրվելու դեպքում. 1981 թ-ին ընտրություններում Ֆրանսուա Միտերանի հաղթանակից հետո միլիարդերը երեք տարի բնակվել է ԱՄՆ-ում:





























