Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը այսօր` սեպտեմբերի 8-ին, ժամը 15:30-ից 16:30-ն ընկած ժամանակահատվածում պետք է պայթեցներ կրկեսի շենքը, սակայն պայթեցման աշխատանքները հետաձգվում են:

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց փրկարար ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը պայթեցնող խումբը պայթուցիկ սարքի մեջ կտրվածք («աբրիվ») է հայտնաբերել, սակայն առայժմ դեռ պարզ չէ, թե որ հատվածում: «Որ պահին հայտնաբերենք դա, 10 րոպե անց կպայթեցնենք»,- նշեց Գրիգորյանը:

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, թե սեպտեմբերի 8-ին, ժամը 15.30-16.30-ի սահմաններում Երեւանի կրկեսի վերակառուցվող շենքն ապամոնտաժելու նպատակով կիրականացվեն պայթեցման աշխատանքներ մայրաքաղաքի Ագաթանգեղոսի 1 հասցեում։

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնել էր, որ պայթեցման աշխատանքները կիրականացվեն ՀՀ ԱԻՆ սակրավորների ու պայթեցնողների մասնագիտացված խմբի կողմից։ Տեղում հերթապահություն են իրականացնում փրկարար ծառայության ուժերը եւ ոստիկանության աշխատակիցներ։