Երեւանի կրկեսի վերակառուցվող շենքն ապամոնտաժելու նպատակով այսօր` սեպտեմբերի 8-ին շենքը կրկին պայթեցնելուց առաջ մի քանի երիտասարդներ փորձել են պատկան մարմիններին հետ պահել այդ քայլից, քանի որ նրանց հայտնի չէ, թե ինչ է լինելու կրկեսի շենքի տեղում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամ Կարեն Հարությունյանը, ով այդ երիտասարդների թվում է եղել:
«Եկել էի, որ իրենցից պահանջեի, թե ի՞նչի հիման վրա են պայթեցնում: Եթե իսկապես վթարային է, թող պայթեցնեն, բայց նոր կրկես կառուցելու երաշխիքով»,- ավելացրեց Կարեն Հարությունյանը: Նրա խոսքով, կրկեսի տնօրենը եւ ԱԻՆ ներկայացուցիչը իրեն հավատացրել են, որ եթե պայթեցվող շենքի տեղում կրկես չլիներ, իրենք էլ դեմ կլինեին այդ գործընթացին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Երեւանի կրկեսի վերակառուցվող շենքն ապամոնտաժելու նպատակով՝ կրկին պայթեցման աշխատանքներ կիրականացվեն Ագաթանգեղոսի 1 հասցեում: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնել էին, որ ժամը 15.30-ից մինչեւ ժամը 16.30-ը կդադարեցվի երթեւեկությունը Ագաթանգեղոսի փողոցում՝ Խորենացի-Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկից մինչեւ Խորենացի փողոց-Արշակունյաց պողոտա խաչմերուկ հատվածները եւ հայտնել մեր համաքաղաքացիների ներողամտությունը:
Պայթեցման աշխատանքներն այժմ հետաձգվել են պայթուցիկ սարքի կտրվածքի պատճառով: ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը հայտնել է NEWS.am-ին, որ այժմ աշխատում են թերությունը վերացնելու վրա, իսկ կտրվածքը գտնելուց հետո շենքը կպայթեցվի:




























