Դաղստանում սեպտեմբերի 8-ին լեռանն է բախվել Մի-35 ռազմական ուղղաթիռը։ Ուղղաթիռում եղել են անձնակազմի երեք անդամներ, բոլորը զոհվել են։ Վթարը տեղի է ունեցել վատ տեսանելիության պայմաններում։
Ուղղաթիռը ժամը 14.30 թռել է Մոզդոկից՝ ծրագրային թռիչքի համար։ 30 րոպե անց այն կորել է ռադարների էկրանից։ Վթարի վայր որոնողափրկարարական խումբ է ուղարկվել, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Մի-35 ուղղաթիռը Մի-24 ռազմատրանսպորտային ուղղաթիռի արդիականացված տարբերակն է, նախատեսված է զրահատանկային տեխնիկայի ոչնչացման, ցամաքային զորքերին, դեսանտին աջակցելու, վիրավորներին տարհանելու, ինչպես նաեւ բեռնափոխադրումների համար։ Ուղղաթիռն ունի գիշերային տեսանելիության սարքեր եւ արբանյակային ժամանակակից նավիգացիոն համակարգ։





























