Անհնար է ինչ-որ մեկին արժանի հակահարված տալ, երբ խոսքը հանցագործին հերոսացնելու մասին է, սակայն ադրբեջանական կողմը բաց չի թողնի ԵԱՀԿ ԽՎ ամբիոնից հերթական հիմարությամբ հանդես գալու հնարավորությունը: Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը` մեկնաբանելով ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակի այն հայտարարությունը, թե ադրբեջանցիները պատրաստ են արժանի հակահարված տալ հայերին, եթե այդ կառույցի նիստում Ռամիլ Սաֆարովի արտահանձնման մասին «սադրիչ» հայտարարություններ հնչեն:

«Ադրբեջանական պատվիրակությունը հնարավորությունը բաց չի թողնի եւ կփորձի մոլորեցնել 56 երկրների պատվիրականերին` հույս ունենալով, թե նրանք ժամանել են Սահարա անապատից եւ ծանոթ չեն լրատվամիջոցների հրապարակումներին: Տվյալ դեպքում մենք չպետք է հայտնվենք այդ ծուղակի մեջ»,-նշեց Գեղամյանը:

Նրա խոսքով` եթե ադրբեջանցի պատվիրակները նման քայլեր ձեռնարկեն, ապա  հայ պատվիրակներն այդ դեպքում նրանց համար պարզապես կհնչեցնեն միջազգային կառույցների, ինչպես նաեւ գերտերությունների առաջնորդների  գնահատականները, որոնցում նրանք անհանգստություն են հայտնում Սաֆարովի ներման կապակցությամբ: «Մենք կարող ենք մեր գործընկերներին հանգիստ հայտարարել, որ նման պարգայում, երբ ադրբեջանական կողմը փորձում է ձեզ խաբել, օգնենք մեզ եւ հուշեք` ինչպես վարել ղարաբաղյան կարգավորման բանակցությունները նման երկրի հետ»: