Հայաստանի բնակիչների խնայողությունները բանկերում, չնայած տնտեսական ճգնաժամին, անշեղորեն աճում են: Ընթացիկ տարվա հուլիսի տվյալներով` երկրի առեւտրային բանկերում բնակչության ավանդների ծավալը հասել է 562,7 մլրդ դրամի, եւ մինչճգնաժամային 2008 տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 350,7 մլրդ դրամով կամ ավելի քան 2,7 անգամ:
Արտարժույթով ավանդների մասը, 2008թ. հուլիսի 46,7%-ի համեմատ 2010թ. հուլիսին հասել է 75,4%-ի` ավելանալով 28,7 տոկոսային կետով: Ընթացիկ տարվա հուլիսին այդ ցուցանիշը մի փոքր նվազել է` հասնելով 70,4%-ի:
Ինչպես հայտնի է, Հայաստանում արտարժույթի հիմնական աղբյուրներից մեկը տրանսֆերտներն են: Երկրի Կենտրոնական բանկի տվյալներով` առեւտրային բանկերով ստացվում է արտաքին տրանսֆերտների մոտ 80%-ը:
Սակայն 2009թ-ին, երբ միջազգային տնտեսական ճգնաժամն անդրադարձավ Ռուսաստանի տնտեսության վրա, որից էլ ստացվում է տրանսֆերտների առյուծի բաժինը, դրանց գումարը նվազեց 31,3%-ով: Եւ չնայած այդ ուղով արտարժույթի հոսքի աճին` մինչ ճգնաժամյան 2008 թ. մակարդակն ($1635 մլն) այդպես էլ չգերազանցվեց: Անցած տարվա ցուցանիշը կազմում է 1547 մլն դոլար:
Արտարժույթով խնայողությունների ծավալի աճին նպաստող գործոններից մեկը դրամի «թուլացումն է», որը 2009թ. մարտից անցել է լողացող կուրսի: Պետք է հաշվի առնել նաեւ հոգեբանական գործոնը:
Բնակչության մեկ շնչի հաշվով ավանդի գումարը կազմում է մոտ 33 հազ. դրամ: Այսպիսով, ստանդարտ ընտանիքին բաժին է ընկնում մոտ 130 հազ. դրամ, ինչը համադրելի է միջին ամսական անվանական աշխատավարձի հետ: Այնպես որ, անգամ արտաքին տրանսֆերտներ ստացողները որպես ավանդ կարող են դնել միայն դրանց շատ փոքր մասը:
Այստեղից վստահաբար կարելի է ենթադրել, որ առեւտրային բանկերում գումարներ պահում է միայն քաղաքացիների «սահմանափակ կոնտինգենտը», որոնք «լրացուցիչր» գումար ունեն:
Ընդ որում, մեծ մասն ավանդները պահում են դոլարով: Հենց այդ հանգամանքն էլ խոչընդոտում է «ապադոլարիզացմանը»:





























