Ռուսաստանցի դերասան Ալեքսանդր Բելյավսկու մահվան հիմնական վարկածը ինքնասպանությունն է: «Նախնական տվյալներով պարզվել է, որ Բելյավսկին ինքնասպանություն է գործել` նետվելով իր տան 5-րդ եւ 6-րդ հարկերի միջեւ գտնվող հարթակից: Ստացված մարմնական վնասվածքներից նա տեղում մահացել է»,-հաղորդում է ՌԴ հետաքննչական կոմիտեի պաշտոնական կայքը: Դերասանը բնակվել է շենքի երրորդ հարկում:

Ավելի վաղ քննիչները չէին բացառել, որ դա կարող է նաեւ դժբախտ դեպք լինել: Նշվում էր, որ սրտի հետ կապված  խնդիր ունեցող դերասանը կարող էր վատ զգալ, մոտենալ բաց պատուհանին եւ չկարողանար պահպանել հավասարակշռությունը:

Ինչպես հաղորդում է  LifeNews-ը,  80-ամյա ժողովրդական արտիստը մահացել էր սեպտեմբերի 8-ին: Մի քանի տարի առաջ նա կաթված էր տարել, որից հետո չէր կարողանում խոսել: