ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը տարածաշրջան պայմանավորված էր տարածաշրջանում առաջացած լարվածությամբ, քանի որ Հարավային Կովկասը Մերձավոր Արեւելքի մաս է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց վրացի քաղաքագետ Ալեքսանդր Ռոնդելին:
Նրա խոսքով` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը յուրաքանչյուր երկրում որոշակի ծրագիր ուներ: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա Ռասմուսենը, ըստ քաղաքագետի, աջակցություն հայտնեց Վրաստանի իշխանություններին` հայտարարելով, որ ՆԱՏՕ-ն կարող է ավելի շատ բարեհաճ լինել Վրաստանի նկատմամբ` կախված խորհրդարանական ընտրություններից: «Բացի այդ, Հայաստանում եւ Ադրբեջանում նա մտահոգություն է հայտնել հակամարտության հնարավոր վերսկսման առնչությամբ»,-նշեց քաղաքագետը` միաժամանակ հրաժարվելով մեկնաբանել Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն ու ներումը: «Դա նուրբ եւ հիվանդագին հարց է, հարկավոր է հարցն ուղղել նրանց, ովքեր արտահանձնման եւ ներման որոշում են կայացրել»,-ասաց նա:





























