ԱՄՆ դատարանը սեպտեմբերի 7-ին որոշում է կայացրել հօգուտ Գլենդել քաղաքի ոստիկանական դեպարտամենտի եւ նրա երկու աշխատակցի, որոնց նկատմամբ դատական հայց էր ներկայացրել 72-ամյա Ասատուր Միրզոյանը: Նա պնդում էր, թե ոստիկաններն իրեն ձերբակալելիս իր նկատմամբ ոչ համաչափ ուժ են կիրառել եւ կոտրել ձեռքը:
Ինչպես հաղորդում է «Glendale News-Press»-ը, երդվյալ յոթ ատենակալները որոշում են կայացրել` գործով անցնողների ցուցմունքները երեք օր շարունակ լսելուց հետո:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Գլենդելի բնակիչ Ասատուր Միրզոյանը սեպտեմբերի 5-ին դատարանում վկայություն է տվել այն մասին, որ ոստիկանության երկու աշխատակիցներ երկու տարի առաջ անհամաչափ ուժ են կիրառել իր նկատմամբ «Glendale Galleria» առեւտրի կենտրոնում` պատճառելով մարմնական վնասվածք, հաղորդում է «Glendale News-Press»-ը:
Նա ասել է, թե այդ օրը ընկերոջ հետ գնացել է առեւտրի կենտրոն, հանդիպել մյուս ծանոթին այնտեղ, որը նրանց հետ կես գավաթ լիկյոր է խմել: Ըստ Միրզոյանի` դուրս գալիս ոստիկանները, որոնք քաղաքացիական են հագնված եղել, մի քանի անգամ նրան խնդրել են լքել խանութը, բայց որպես ոստիկան չեն ներկայացել: Հետո ոլորել են ձեռքերը եւ կոտրել դաստակը. Միրզոյանը գիտակցության է եկել հիվանդանոցում:
Միրզոյանը ձերբակալվել եւ մեղադրվել է նրանում, որ հարբած վիճակում գտնվել է հասարակական վայրում եւ դիմադրություն է ցույց տվել ձերբակալության ժամանակ: Նա հայտարարել է մեղադրանքը չվիճարկելու ցանկության մասին եւ ստիպված է եղել ներման խնդրագիր ստորագրել:




























