Գլենդելում հայտնի`Միթբոլ կամ Գլեն Բեարյան մականունով արջը չի թույլատրվի Կոլորադո նահանգ տեղափոխել: Միթբոլին որսացել են եւ տեղավորել Սան Դիեգոյին կենդանիների կացարանում, հաղորդում է  «Glendale News-Press» -ը: Կոլորադոյի նահանգային օրենսդրությունը թույլ չի տալիս կացարան տրամադրել վայրի կենդանիներին:

Այն բանից հետ, երբ անցած շաբաթ 180 կգ-անոց արջին որսացել էին, սկսվել էր նրա հետագա ճակատագրի վերաբերյալ պայքարը: Արջին երկու անգամ որսացել էին եւ բաց թողել լոսանջելեսյան անտառի խորքերը, սակայն նա դարձյալ վերադարձել էր քաղաք` կեր փնտրելու:

Կալիֆոռնիացի պաշտոնյաները դեռ չեն որոշել` ինչպես վարվել արջի հետ: Վայրի կենդանիների արգելոցի տնօրեն Փոթ Քրեյգն էլ հայտարարել է, որ մտադիր է Գլենին Կոլորադո տեղափոխել` անգամ եթե իրեն դրա համար դատեն: