Գերմանիայի հայ համայնքը  Բեռլինի կենտրոնում՝ Հունգարիայի դեսպանատան առջև, սեպտեմբերի 8-ին կազմակերպել է  բողոքի ցույց  2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած  Ռամիլ Սաֆարովին ինչպես Հունգարիայի կողմից ադրբեջանական իշխանություններին տրամադրելու, այնպես էլ Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպանին անհիմն ազատ արձակման դեմ: Հայկական համայնքի հետ բողոքին էր միացել նաև Ցեղասպանության ճանաչման աշխատանքային խումբ գերմանական հասարակական կազմակերպությունը:

Հիշեցենք, Հունգարիան ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին փոխանցել էր հայրենիքին, արդյունքում վերջինիս ներում էր շնորհվել Ադրբեջանի նախագահի հրամանագրով: Այդ կապակցությամբ Հայաստանը սառեցրել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները:

Հունգարիայի ԱԳ նախարար Զոլտ Նեմետը սեպտեմբերի 2-ին բողոքի նոտա էր հանձնել Ադրբեջանի դեսպանին, որում նշել էր, որ Ադրբեջանի քայլն անընդունելի է:

Այս ամենից հետո Հայաստանում եւ սփյուռքում կազմակերպվել են բազմաիթվ բողոքի ակցիաներ: