Ջանֆիդա գյուղում ընտրատեղամասի մոտ հայտնաբերված դիակի գործով որոշ նոր մանրամասներ են հայտնի դարձել:
NEWS.am-ը քիչ առաջ տեղեկացավ, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն գյուղի բնակիչ, 1997 թ. ծնված Ս. Ա.-ն ժամը 18.30-ի սահմաններում նշված վայրում գտած հուշանվերի նմանվող մեկլիցքանի ատրճանակից անզգուշաբար կրակել է 1927 թ. ծնված Հմայակ Պետրոսյանի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Անչափահաս Ս. Ա.-ն ներկայացվել է քննության: Հանգամանքները պարզվում են:
Ըստ գյուղացիների` տղան այդ սարքը փողոցից է գտել, անզգուշաբար կրակել է, դիպչել է 85-ամյա տղամարդուն, ով մահացել է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի ընտրատեղամասից մոտ 100-150 մետր հեռավորության վրա այսօր` սեպտեմբերի 9-ին, տղամարդու դիակ է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանությունից:
Մահացածը Ջանֆիդա գյուղի բնակիչ, 85-ամյա Հմայակ Պետրոսյանն է, ում կողքին հայտնաբերվել է նաեւ հրազեն: Ոստիկանությունից հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են:




























