Բեռլինում թլպատման պաշտպանության հանրահավաք է տեղի ունեցել: Ակցիան պատասխանն էր Քյոլնի դատարանի որոշմանը, որի կայացման պատճառ էր դարձել   թլպատման արարողության  արդյունքում մահմեդական տղային լուրջ վնասվածքներ հասցնելը: 

Ինչպես հայտնում է Deutsche Welle-ն, համատեղ ակցիային մասնակցել են 300 մարդ: Նրանք հայտարարել են, որ չեն կարող ապրել Գերմանիայում, եթե թլպատումն արգելվի: 

«Թլպատման իրավունքը պետք է ամրագրվի օրենսդրության մեջ», — կարծում է Լալա Սասկինդը` Բեռլինյան հակասեմականության դեմ պայքարի կազմակերպության ղեկավարը: Բեռլինի րաբբի Գեսա Էդերբերգը հայտարարել է, որ ծննդյան 8-րդ օրը տղաների թլպատումը կարեւոր նշանակություն ունի հրեաների համար, քանի որ ներկայացնում է  կապը Աստծո հետ: Րաբբի Իցխակ Էրենբերգը ցուցարարներին ցույց է տվել  դատախազներից ստացած նամակները եւ գոռացել ծափահարությունների ներքո.  «Մենք կշարունակենք պայքարը», հաղորդում է BFM.RU-ն:

Գերմանիայի թուրքական համայնքի ղեկավար Քենան Քոլաթն ընդգծել է, որ  մահմեդականները պետք է միավորվեն  հուդայականների հետ, որպեսզի պաշտպանեն թլպատման իրավունքը:

Հիշեցնենք, որ Քյոլնում դատարանը թլպատումը հավասարեցրել էր քրեական հանցագործությանը:  Տվյալ պահին արգելքը գործում է միայն Քյոլնում, սակայն այլ քաղաքներում էլ գերմանացի բժիշկները սկսել են հրաժարվել նման ծառայություն մատուցելուց` վախենալով հայտնվել  մեղադրյալների աթոռին:

Բեռլինում խիստ կանոններ են ընդունվել թլպատման անցկացման  համար: Որպեսզի երեխային նման վիրահատություն արվի, նրա ծնողները կամ խնամակալները պետք է առաջին հերթին  տեղեկանք ներկայացնեն համայնքից, հետո տան գրավոր համաձայնություն եւ անպայման ծանոթանան հնարավոր  բարդությունների հետ:

Ըստ հրեական հոգեւոր ավանդույթների` թլպատումն արվում է ծննդյան 8-րդ օրը: Մահմեդականների մոտ տարիքը կախված է նրանից, թե իսլամի որ ճյուղին է պատկանում ընտանիքը, հիշեցնում է KM.RU-ն:

Գերմանիայում ապրում են մոտ 4 միլիոն մահմեդական եւ 120 հազար հրեա: