Սերբիայում նոր մանրամասներ են բացահայտվել Կոսովոյում 1998-1999 թթ. առեւանգված մադկանց մարմնի օրգանները հանելու գործի վերաբերյալ: Հայտնաբերվել է վկա, որը խոստովանել է, որ անձամբ է գերված սերբին սիրտը հանելու վիրահատության ենթարկել:
Մարդու անունը գաղտնի է պահվում, նշում է rbc-ն: Ըստ Սերբիայի զինվորական դատախազ Վլադիմիր Վուկչեւիչի` Կոսովոյի բնակիչը պատրաստ է մեղադրանք ներկայացնել իր հայրենակիցների դեմ, որոնք զբաղվել են «սեւ տրանսպլանտոլոգիայով»: Նա պատմել է 1990-ականների վերջում կատարած վիրահատության մասին: Սիրտը վաճառել էին սեւ շուկայում:
Վկաների ցուցմունքները ստուգվել են տարուց ավելի, դատախազները կարծում են, որ դրանք իրական են: Տեղեկությունը կփոխանցվի միջազգային հետաքննությանը, հայտնում է NEWSru.com-ը:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, սեւ տրանսպլանտոլոգների գործընթացն սկսվել էր 2011թ. հոկտեմբերի 4-ին: Մեղադրյալների դերում են Medicus ընկերության նախկին աշխատակիցներ` ալբանացիներ, թուրքեր եւ իսրայելցի, ինչպես նաեւ Կոսովոյի առողջապահության նախարարության բարձրաստիճան նախկին պաշտոնյա Իլիր Ռեցայը: Հետաքննության վարկածով` նրանք խաբեությամբ Կոսովո են բերել սերբերի, թուրքերի, մոլդովացիների, ղազախների, բելառուսների եւ ռուսների` առաջարկելով նրանցից գնել երիկամները: Յուրաքանչյուրր օրգանի համար 15 հազար եվրո էին խոստացել, բայց ավելի քան 30 տուժածներից ոչ ոք գումարը չի ստացել:
Medicus-ի տրանսպլանտոլոգիայի գործը ավելի լուրջ աղմուկ էր բարձրացրել 2008 թվականին` Հաագայի նախկին դատախազ Կարլա Դել Պոնտեի «Որս. Ես եւ ռազմական հանցագործները» գրքի հրապարակումից հետո, որտեղ պատմվում էր 1999 թվականին 300 կոսովյան սերբերի առեւանգման մասին: Առեւանգվածներին տարել են Ալբանիա, որտեղ վիրահատությունների են ենթարկել: Ըստ Դել Պոնտեի` հանցագործությունն իրականացվել է Կոսովոյի ազատագրման բանակի սպաների մասնակցությամբ:
Կոսովոյի իշխանությունները հերքում են մեղադրանքները:




























