Ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովը հայ սպա Գուրգեն Մարգարյանին  սպանել է  այն բանի համար, որ վերջինս «ժպտացել է իր երեսին»: Ոճրագործության դրդապատճառների մասին ներման արժանացած Սաֆարովը պատմել է  «Ռոսիա 1» հեռուստաալիքի  «Վեստի նեդելի» հաղորդման ժամանակ: 

«Բանակն ինձ դասընթացների էր ուղարկել,  մեզ հետ 2 հայեր կային: Սկզբում  բարեւում էին, ասում էին «hi», ես նրանց չէի պատասխանում: Մի անգամ նրանք անցնում էին կողքովս, խոսում էին հայերեն եւ ժպտացին ինձ: Այդ պահին ես որոշեցի նրանց սպանել` կտրել նրանց գլուխները», - իր հանցագործության դրդապատճառն այդպես է մեկնաբանել ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովը:

Հիշեցնենք, 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Երկու սպաներն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին:

Հունգարիայի կառավարությունը ս/թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին: Միջազգային գրեթե բոլոր կառույցները դատապարտել  են մարդասպանի ներումը: