Հունգարիայի կառավարությունը հանցավոր գործարքի մեջ է մտել պաշտոնական Բաքվի հետ, ինչի համար էլ քնաադատության է արժանացել միջազգային շատ կառույցների, այդ թվում` ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի, եւ որ  ոչ պակաս կարեւոր է`սեփական հասարակության կողմից: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը` մեկնաբանելով Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը եւ ազատումը:

«Ես չէի կապի Հունգարիայի գործող իշխանությունների պահվածքը ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի անդամակցության հետ: Չմոռանանք, որ Հունգարիան ինչպես եւ Հայաստանն ու Ադրբեջանը, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրախորհրդի եւ միջազգային այլ կազմակերպությունների անդամ է», - նշել է Մայիլյանը:

Ի պատասխան այն հարցին, թե կարելի է կարծել, որ Ադրբեջանը դրան դիմել է առանց որեւէ երկրի կամ երկրների դաշինքի աջակցության, Մայիլյանը նշել է. «Դատելով կազմակեպութունների եւ առանձին երկրների  պաշտոնական ներկայացուցիչների արած հայտարարություններից` այդ գործարքին մասնակցել են երկու կողմ` Հունգարիան եւ Ադրբեջանը: Նույնիսկ Ադրբեջանի մտերիմ դաշնակից Թուրքիան հեռու է մնացել այդ անմաքուր գործարքից»:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկի հայկական պետությունների դիվանագիտութունը, Մայիլյանն ասել է, որ անցած օրերին  հայրենական լրատվամիջոցներում մեծ քանակությամբ գնահատականներ եւ առաջարկներ են հրապարակվել կատարվածի եւ իրադրությունից պատվով դուրս գալու  վերաբերյալ: Ըստ նրա` առաջարկությունների մի մասը տրամաբանական է եւ պետք է ընդունվի հայկական պետությունների եւ սփյուռքի կազմակերպությունների կողմից: